Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ԻՊ-ն նաև սեփական շարքերը համալրելու խնդիրն է լուծում»

«ԻՊ-ն նաև սեփական շարքերը համալրելու խնդիրն է լուծում»
22.09.2014 | 16:29

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է «Իսլամական պետություն», ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին: Այս եկեղեցի-հուշահամալիրում ամփոփված են Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքները, իսկ «եղասպանության թանգարանում եղեռնը հավաստող մեծ թվով վավերագրեր կան:

«Իրատես de facto»-ի հետ զրույցում արաբագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ նշեց, որ Դեյր էզ-Զորի հայկական Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը տեղավորվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության տրամաբանության մեջ:

-Բնականաբար, դա միտումնավոր կերպով արված գործողություն էր,- ասաց արաբագետը,- որով կառույցը մի շարք նպատակներ է հետապնդում: Նախ, իրենց գործունեությունը մշտապես իսլամական իրավունքի, շարիաթի նորմերով հիմնավորող իսլամականները նման կերպ ևս մեկ անգամ ընդգծում են իրենց անհանդուրժողական վերաբերմունքը ոչմուսուլմանների և նրանց հոգևոր ու մշակութային արժեքների հանդեպ: Բացի այդ, նման գործողություններով ԻՊ-ը ձգտում է հերթական անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իր գործունեության վրա:
-Եվ ինչպիսի՞ն էր արձագանքը: Կարելի՞ է շարունակություն ենթադրել...
-Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերն ամփոփող եկեղեցու պայթեցման վայրագ գործողությունը լայն արձագանք գտավ ինչպես հայաստանյան, միջազգային լրատվամիջոցներում, այնպես էլ դիվանագիտական դաշտում: Միջադեպի կապակցությամբ դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը և արտաքին գործերի նախարարը: Կանխատեսելի է, որ այս գործընթացը ևս շարունակական բնույթ կստանա: ԻՊ-ի գործունեությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով հասանելի է դառնում նաև աշխարհի տարբեր ծայրերում բնակվող և իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով տոգորված երիտասարդներին, որոնց շրջանում կառույցին անդամակցելն ու նրա գործունեությանը նպաստելը ցանկալի ու գայթակղիչ նպատակ է: Ասել է թե՝ նման կերպ ԻՊ-ն նաև սեփական շարքերը համալրելու խնդիրն է լուծում:
-Սիրիայի տարածքում հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից աղերսներ ունի Ցեղասպանության մոտեցող 100-ամյա տարելիցի հետ: Թուրքիայի դերակատարությունը հնարավոր համարո՞ւմ եք:
-Տրամաբանական կապ, անշուշտ, կա: Սակայն ապացույցներ դժվար է գտնել: Նախ, սիրիական հակամարտությանը ներգրավվելու թուրքական իշխանությունների գուցե ոչ առաջնային, այնուամենայնիվ, հեռահար նպատակներից մեկն էլ պատմական հայրենիքին ամենամոտը հհամարվող սիրիահայ համայնքի և նրա հոգևոր ու մշակութային հարստության իսպառ ոչնչացումն էր: Այս համատեքստում, որպես հիմնավորում, հիշենք մարտի 21-ին պատմական Քեսաբի դեմ թուրքական իշխանությունների աջակցությունը վայելող սիրիական հակակառավարական խմբավորումների իրականացրած հարձակումը, Հալեպում հայկական թաղամասերի դեմ պարբերաբար կազմակերպվող գրոհները և այլն: Իսկ Թուրքիայի և ԻՊ-ի միջև առկա ստվերային կապերի մասին էլ խոսում են թուրքական իշխանությունների կողմից կառույցի սնուցման, աջակցության, հովանավորման ուղիները չարգելափակելու իրողությունը, ինչպես նաև, ընդամենը 2 օր առաջ իսլամականների մոտ պատանդ պահվող Թուրքիայի 49 քաղաքացիների անաղմուկ ազատման փաստը:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ